Ռեզյումեն պատմում է, թե ինչ եք արել, իսկ ուղեկցող նամակը՝ ինչու եք ուզում աշխատել հենց այստեղ։ Շատ գործատուներ կարդում են նախ նամակը և միայն հետո բացում ռեզյումեն։ Եթե հայտարարությունում նամակ չի պահանջվում, կարճ նամակը, միևնույն է, Ձեզ կառանձնացնի։

Կառուցվածքը

  1. Դիմում. «Հարգելի պարոն Պետրոսյան» կամ, եթե անունը չգիտեք, «Հարգելի HR թիմ»
  2. Առաջին պարբերություն. որ պաշտոնին եք դիմում և որտեղից եք իմացել
  3. Երկրորդ պարբերություն. 1–2 կոնկրետ ձեռքբերում, որոնք կապված են պաշտոնի պահանջների հետ
  4. Երրորդ պարբերություն. ինչու հենց այս ընկերությունը և առաջարկ՝ հանդիպել
  5. Ավարտ. «Հարգանքով», անուն, հեռախոս

Օրինակ

Հարգելի տիկին Հակոբյան,

Դիմում եմ staff.am-ում հրապարակված «Մարքեթինգի մասնագետ» թափուր հաստիքի համար։

Վերջին երկու տարին աշխատել եմ որպես SMM մասնագետ առցանց խանութում, որտեղ Instagram-ի էջի հետևորդների թիվը 8 000-ից հասցրել եմ 45 000-ի, իսկ գովազդից եկող վաճառքները՝ եռապատկել։ Ձեր հայտարարությունում նշված է Meta Ads-ի և կոնտենտ պլանավորման փորձ. դրանք հենց այն են, ինչով զբաղվում եմ ամեն օր։

Հետևում եմ Ձեր ընկերության նոր արտադրանքի ներկայացմանը և կցանկանայի մասնակցել դրա աճին։ Ուրախ կլինեմ հանդիպել և ավելի մանրամասն ներկայացնել իմ աշխատանքները։

Հարգանքով՝
Անի Սարգսյան
+374 XX XXX XXX

Կանոններ

  • Ոչ ավելի, քան 250 բառ
  • Յուրաքանչյուր ընկերության համար փոխեք գոնե երրորդ պարբերությունը
  • Մի կրկնեք ռեզյումեն բառացի. ընտրեք մեկ-երկու ամենաուժեղ փաստը
  • Եթե ուղարկում եք էլ. փոստով, նամակի տեքստը գրեք հենց նամակում, իսկ ռեզյումեն կցեք PDF-ով

Ռեզյումեն պատրաստ չէ՞։ Սկսեք քայլ առ քայլ ուղեցույցից։